14/05/2021 14:42
Տիգրան Ավինյանը հաստատեց՝ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հաստատեց՝ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։
«Եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին Պաշտպանության նախարարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղյակ կպահեն», - Սյունիքում լրագրողներին ասաց Ավինյանը։
Անվտանգության խորհրդիր երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։
«Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ, ռազմաքաղաքական նպատակներ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։