14/05/2021 14:29
Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին ու մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը. Տիգրան Ավինյան
Բանակցություններն ընթանում են, Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
«Այնուամենայնիվ, այս փուլում դեռևս վերջնական արդյունքներ չունենք, ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հանգուցալուծման հասնելու ենք, որովհետև սա շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ու մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակն ու պատրաստ ենք հանգիստ ու հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնելու», - ասաց Ավինյանը։
Նա շեշտեց՝ պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին ու նաև պատրաստ լինել մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։
«Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ ու բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն», - նշեց Ավինյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, թե ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են ու որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Փաստացի, կարելի է ասել այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին ու երեկվա ԱԽ նիստն ու մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է», - ասաց նա։
Տիգրան Ավինյանը նշեց, որ ճգնաժամի կառավարման կետով են դիմել ՀԱՊԿ հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։
Նա ասաց, թե շատ կարևոր է յուրաքանչյուր իրավիճակին ադեկվատ ռեակցիա տալ ու մի փոքր չչափազանցնել իրողությունը։
«Մինչ այս պահը մենք մեր գործողություններում եղել ենք համարժեք», - ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը։