14/05/2021 14:05
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Интерфакс»-ը:
Հարցին, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույցի ընթացքում օգնություն խնդրե՞լ է, և արդյոք խոսքը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին էր, Պեսկովն ասել է.
«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել»:
«Նա ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ, և այդ մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը, որն ընդգծել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի դրույթը», - ասել է Պեսկովը: