14/05/2021 10:52
«Որևէ մետր տարածք չենք պատրաստվում զիջել ադրբեջանական կողմին». հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել
Սյունիքում հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ասվել է, որ որևէ մետր տարածք չենք պատրաստվում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջվել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր», - փոխանցեցին ՊՆ-ից։
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում:
Անվտանգության խորհրդիր երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։
«Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ, ռազմաքաղաքական նպատակներ»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։