14/05/2021 12:44
Պատրուշևն ու Գրիգորյանը քննարկել են Սյունիքում իրավիճակի լուծման հնարավոր տարբերակները
Կայացել է Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը:
Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակել են մտքեր և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ընդգծել է, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:
Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հավակնություններն անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:
Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:
Նիկոլայ Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար: