15/05/2021 14:13
«Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան
«Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են՝ անվտանգ և զարգացող Հայաստան, լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Հայրենիք» կուսակցությունը կամ ՀՀԿ-ն չհամագործակցեցին Ռոբերտ Քոչարյանի հետ և նրա գլխավորած դաշինքի մաս չկազմեցին։
«Մենք բոլորս գիտակցում ենք, որ նպատակին հասնելու միակ միջոցն այս ազգակործան իշխանությունների հեռացումն է։ Այնուամենայնիվ, կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք չեն համագործակցում, մենք համագործակցելու ենք, ուղղակի ընտրողներին նաև այլընտրանք ենք առաջարկել։ Այս պահին խնդիրը մեկն է. միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն», - ասաց Հարությունյանը։
Նա ասաց՝ պատրաստ են կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն։
«Ում հետ կկազմվի կոալիցիա, կախված է ընտրությունների արդյունքից։ Մենք չունենք քաղաքական ամբիցիաներ՝ վասն հայրենյաց», - ասաց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, Հարությունյանն ասաց, որ այն կհրապարակվի շատ շուտով։