15/05/2021 10:03
«Հրապարակ». Իշխանասարը զիջել թշնամուն, կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ մեծ թափով Սյունիքում կամավորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչությունը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպես գուժեց փոխվարչապետ Ավինյանը։ Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն՝ այն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և զիջել այն՝ կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին։ Բանն այն է, որ սարի դիրքն այնպիսին է, որ վերահսկողության տակ է պահում ողջ Սյունիքը, այդ թվում՝ Գորիս-Երևան ավտոմայրուղին, Իրանի հետ մեր միակ ավտոճանապարհը։
Սյունեցիները կարծում են, որ սարը հանձնելուց հետո այնտեղ ապրելն այլևս անհնար կդառնա։ Իսկ թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ, որը թերևս մեր ՍՈՒ 30 ինքնաթիռներին հակազդելու համար է, որոնք ներխուժման առաջին օրը օդ են բարձրացել։ Ի դեպ, իշխանական աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռների հրթիռները տեղ են հասել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։