15/05/2021 12:28
Բավական է պարտության հոգեբանական բարդույթով վարակեք պայքարի և հաղթանակի ունակ մեր ժողովրդին. Կամո Աթայան
Այն որ պատերազմում պարտվելը, խորը հոգեբանական, ֆիզիկական հետք է թողնում հասարակության մեջ՝ պարզ ու տեսանելի է: Սակայն մյուս կողմից այդ նույն հասարակության մեջ նույնիսկ ենթագիտակցորեն, անհրաժեշտաբար պետք է առաջանա նոր հաղթանակի ցանկություն, մոտիվացիա՝ հատկապես, երբ խոսքը գնում է դարավոր և նմանը չունեցող թշնամու մասին…
Ի՞նչ է պատահել հայ ժողովրդի հետ, ի վերջո, լեթարգիական քնից նա արթնանալո՞ւ է, թե՞ ոչ: Ամիսներ շարունակ արցախյան ճակատում կրած պարտությունից հետո փոխանակ տեղի ունենար դրա բարոյահոգեբանական հետևանքները հնարավորինս շուտ թոթոփելու, դրանցից ազատվելու համազգային ռեաբիլիտացիոն-վերականգնողական գործընթաց, և իրականացվեին դրան միտված նպատակային միջոցառումներ, որոնց շնորհիվ ազգը կրկին կհայտնվեր պայքարի պետականապաշտ ծիրում, ականատեսն ենք անիմաստ, անտեղի քայլերի, որոնք ոչ մի աղերս չունեն ազգային պայքարի և ոգու վերականգնման և վերահաստատման հետ:
Ամիսներ շարունակ խոսվում էր Սյունիքի մասին, փոխանակ հենց պատերազմի ավարտից անմիջապես հետո հատուկ «զորակոչով» սկսվեր պարագծով ավելի երկարացված, ու ավելի բարդ ռելիեֆով պետական սահմանի կահավորման գործընթացը: Դրա փոխարեն ակտիվորեն շրջանառվում է նոր զինվորական հագուստի թեման։
Վերջապես ինչքան կարելի է խաղալ ժողովրդի հոգու ամենանուրբ լարերի հետ: Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ունենք վախկոտ, արհեստավարժության հետ ոչ մի աղերս չունեցող իշխանություն, որը նույնիսկ դառը պարտությունից ի վիճակի չէ դասեր քաղելու…
Ի՞նչ է նշանակում օրը ցերեկով Սև լճի մերձակայքում մոտ հինգ կմ խորությամբ ներխուժել ՀՀ սուվերեն տարածք: Դա նախ նշանակում է ամենաթողություն, որը և ավելի է մեծացնում պարտվողի, թույլի, անօգնականի, անզորի զգացողությունը հասարակության մեջ:
Այսպես շարունակելն ավելի է մոտեցնում մեր պետականության ու անկախության վերջի սկիզբը: Լավ, ինչքան տհաս պետք է լինել, որ ունենալով հարյուրավոր գերիներ, և չունենալով նրանց հետ բերելու ոչ մի գործուն մեխանիզմ, ձեռքից բաց թողնես քո պետության սահմանը հատած հարյուրավոր ազերի սահմանախախտներին իսկույն ձերբակալելու հնարավորությունը: Չէ որ աշխարհում գործող բոլոր օրենքների համաձայն դա աքսիոմատիկ ճշմարտություն ու նորմ է, և առանց դույզն իսկ կասկածի, շատ արագ այն պետք է իրականացվեր ու կազմակերպվեր նրանց փոխանակումը մեր տղաների հետ։
Ինչքան կառավարելու ունակությունից զուրկ և ռազմական գործից հեռու պետք է լինել, որ քո պետական սահմանը խախտեն, իսկ դու փոխանակ առաջին ու կոնկրետ քայլերը կատարելու, միայն երկու օր անցնելուց հետո դիմես ՀԱՊԿ և հատուկ օգնություն խնդրես ռազմավարական դաշնակից ՌԴ-ից:
Այս ամենը բացարձակ անիշխանության, քաոսի, արհեստավարժության պակասով միայն կարելի է բացատրել: Սակայն ավելի ահավոր է ժողովրդի մեջ ահագնացող վախի, անկարողության, պայքարից խույս տալու զգացողությունների արմատավորումը, որից ազատվելը բավականին բարդ կլինի ու առանց երկմտելու կարելի է ասել, որ նման տարածաշրջանում, նման պայմաններում, որպես պետություն մեր դերն ու նշանակությունը ամբողջովին կկորցնենք:
Տասնամյակներ շարունակ ՀՀ և ԱՀ ուժային կառույցները հեղինակություն են վայելել ժողովրդի մեջ, և իրավամբ համարվել են այստեղ մեր լինելիության հիմնական երաշխավորը: Եղել են սխալներ, բանակաշինության գործընթացում գիտատեխնոլոգիական բաղադրիչն ինչ-որ չափով անտեսվել է, բայց մեր բանակը երբևէ պայքարի ոգին չի կորցրել: Իսկ հիմա, կարծես, մտածված ձևով ոչ միայն չի բարձրացվում բանակի սպառազինության մակարդակը և ոգին, այլև, կարծես, ընդմիշտ մոռացել ենք նաև ռազմահայրենասիրական դաստիարակության մասին…
Հենց պատերազմից անմիջապես հետո մեր կրթության համակարգում ամենաառաջնային ու պահանջարկված բարեփոխումը պետք է վերաբերվեր կրթական հաստատություններում ռազմական պատրաստվածության, ռազմագիտության հիմունքների արդյունավետ ուսումնասիրմանը և այդ ուսումնական առարկայի դասավանդման վիճակի հետագա բարելավմանը: Մենք առանց վարանելու կրթությունը ընդհանրապես, ու մասնավորապես նրա բնագիտական, տեխնիկական, տեխնոլոգիական, ռազմական բաղադրիչները պետք է համարենք ազգային անվտանգության կարևոր հենասյուներից մեկը…
Դրա փոխարեն կրկին մեծն պոպուլիստը ի լուր ամենքի հայտարարում է բանակային ծառայության բարեփոխման խիստ ականջահաճո և հնարավոր նորույթը, որի համաձայն, հինգ տարին մեկ երկու-երեք ամսով զինվորական հավաքներ կլինեն…
Դժբախտաբար, սա է մեր իրականությունը և այն ամեն գնով պետք է փոխել ու կրկին մտցնել պետականամետ ծիրի մեջ: