16/05/2021 14:58
Երկիրը փրկելու միակ տարբերակը չթողնելն է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում․ փորձագետ
«Չավարտվող պարտություն. Nikovid-18. աշխտորոշում և բուժում» բաց քննարկման մասնակից, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, մատնանշելով երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, դրանք հաղթահարելու միակ ուղին համարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը կանխելը։
«Բոլոր նրանք, ովքեր հասկանում են Հայաստանի ներկա իշխանության կործանարար լինելը պետության համար, Հայաստանի քաղաքացիների անձնական անվտանգության համար, այն մարդիկ, ովքեր վաղն ուզում են գնալ Մեղրի, բայց չեն ուզում, որ իրենց ճանապարհից առևանգեն ադրբեջանցիները, մարդիկ, ովքեր հասկանում են Նիկոլ Փաշինյան անունով խնդիրը, եթե բանը հասնի ընտրություններին, չպիտի նստեն տանն ու ասեն՝ ես ոչ մեկին հավան չեմ», - ասաց նա։
Փորձագետը գործող իշխանությանը դեմ քաղաքացիներին կոչ արեց քվեարկել հօգուտ իրական ընդդիմադիր ցանկացած ուժի, առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ՝ օբյեկտիվ գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը։
Կարեն Վրթանեսյանը նշեց, որ անձամբ գնալու և քվեարկելու է խորհրդարան անցնելու ռեալ հնարավորություն ունեցող ընդդիմադիր որևէ ուժի օգտին, որը հետագայում Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք չի կնքի։
«Երկիրը փրկելու միակ տարբերակը չթողնելն է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, իսկ դա անելու միակ տարբերակը քվեարկելն է որևէ ռեալ ուժի օգտին, որքան էլ այդ ուժին չսիրեք», - ասաց փորձագետը։