16/05/2021 18:54
Պոպուլիզմը Հայաստանում ստացել է այն գռեհիկ և կեղտոտ արտահայտումը, որն այսօր մենք կոչում ենք «նիկոլավիրուս» կամ «նիկոլիզմ». Արա Սաղաթելյան
Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը «Չավարտվող պարտություն. Nikovid-18. աշխտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանում պոպուլիզմը դարձել է հանրային կառավարման ձև, ու թեև Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ պոպուլիստներ են եկել իշխանության, բայց Հայաստանի պես անցումային փուլում գտնվող երկրների համար այդ պոպուլիստական քաղաքականությունը առավել մեծ վտանգներ է ստեղծում ու ներկայացնում։
«Պոպուլիստներն ԱՄՆ-ում ավելի քիչ վտանգ են ներկայացնում, որովհետև այնտեղ կան կայացած ինստիտուտներ, ֆինանսատնտեսական համակարգեր, էլիտաների մոտ՝ որոշակի մեդիագրագիտություն։ Մեզ մոտ այդ համակարգերը թուլացած են, և մենք, փաստացի, կորցրել ենք իմունիտետը։ Մուտացիայի ենթարկվելով՝ պոպուլիզմը Հայաստանում ստացել է այն գռեհիկ և կեղտոտ արտահայտումը, որն այսօր մենք կոչում ենք «նիկոլավիրուս» կամ «նիկոլիզմ»», - ասաց նա։
Արա Սաղաթելյանը նշեց, որ իշխանության կողմից պոպուլիզմի համատարած կիրառման, տեղեկատվական դաշտում ստով, կեղծիքով ու մանիպուլյացիաներով առաջնորդվելու հետևանքով Հայաստանը շատ մեծ կորուստներ է կրել, հեղինազարկվել է նաև դրսում, իսկ ստով ու կեղծիքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իշխանությունն այս ընթացքում փորձել է ամրապնդել նույն՝ ստի ու կեղծիքի տարածմամբ, հասարակության շրջանում բաժանարար գծեր անցկացնելով, հեինակավոր գործիչներին վարկաբեկելով, ինչն, ի վերջո, աղճատել է պետության բուն գաղափարը։
«Պետության փիլիսոփայության մեջ քաղաքական որոշումներ ընդունողները՝ մի կողմից, իրավապահ համակարգը՝ մյուս կողմից, պետք է ապահովեն պետության բնականոն գոյությունը և գործունեությունը։ Մեր պարագայում նրանք դարձել են երկու կողմեր, որոնք իրար «պասեր» փոխանցելով՝ արտադրում են սուտ և կեղծիք և միտված են քաղաքական և հանրային ընդդիմախոսներին ճնշելուն, ժողովրդին մանիպուլացնելուն և ազատ խոսքը խեղդելուն»,- ասաց նա։
Արա Սաղաթելյանը նշեց նաև, որ իշխանությունը, օգտվելով տարածված ստի «հետճշմարտությունից», օգտագործելով նաև «ֆեյք նյուզը»՝ որպես գործիք, հասարակության գիտակցությունից դուրս մղեց ճշմարտությունն ու ձևավորեց ամբողջությամբ կեղծ իրականություն, որում ապրեցրեց բոլորին։
Չնայած այն հանգամանքին, որ այս ընթացքում հասարակության մի հատված սկսել է տարբերել իշխանության մատուցած կեղծ տեղեկատվությունը ճշմարտությունից, այնուամենայնիվ, ըստ Արա Սաղաթելյանի, հասարակության մեջ մնաց մի մոլորված հատված, որը շարունակում է ստանալ մանիպուլյատիվ տեղեկատվությունն ու այն վիրուսի պես՝ փոխանցել մյուսներին, իսկ իշխանությունը շարունակում է օգտվել իր «փորձված» գործիքակազմից՝ ձայներ ստանալու ակնկալիքով։
«Պետական մտածելակերպի և կառուցողականության բացակայության պայմաններում նրանց պետք են միայն ձայներ, որոնց հասնելու համար պատրաստ են ցանկացած քայլի», - ասաց Արա Սաղաթելյանը։
Նա ընդգծեց նաև այն փաստը, որ իշխանությունը, տեսնելով, որ կեղծարարությունն աշխատում է ներսում, նույնը փորձեց անել նաև դրսում, և Հայաստանի հեղինակությունը կորուստ ապրեց նաև դրա հետևանքով։