16/05/2021 00:33
Սյունիքի մարզպետը պնդում է, որ Սև լիճը մեր վերահսկողության տակ է, իսկ Տիգրան Ավինյանը հայտարարում, որ հայկական զինուժի վերահսկողության ներքո է գտնվում Սև լճի մերձակայքը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լուսանկարներ էր հրապարակել, գրելով, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ գնացել էր Սև լիճ։
Դրանից հետո վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ այդ տարածքին ծանոթ յուրաքանչյուր մարդ, լուսանկարին նայելով, հասկանում է, որ ՀՀ խոշոր բնական լճերից մեկը չէր կարող այդքան փոքր տարածք ունենալ, բացի այդ, եթե թշնամին չի նահանջել և չի ազատել Սև լճի տարածքը, ինչպե՞ս է կարողացել փոխվարչապետը մարզպետի հետ հասնել լճի ափ։
Գրառումը տարածվել է համացանցում, ինչին արձագանքել է Տիգրան Ավինյանը, ֆեյսբուքում գրելով, որ տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։
Իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Հ1-ի եթերում հայտարարել էր, որ «Սև լիճը մեր վերահսկողության տակ ա»։