17/05/2021 11:11
Հայաստանն ակնկալում է Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին. Իրանում ՀՀ դեսպան
Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Թումանյանը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների մասին:
Նախարար Էսլամին հայտնել է ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:
Դեսպան Թումանյանն ընդգծել է հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է: