17/05/2021 16:55
Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում
Ռուսաստանն առիթ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով «գույները խտացնելու» համար. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ մի կրակոց չի արձակվել, այնտեղ ոչ մի փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Մենք նստել, հանգիստ պայմանավորվել ենք, թե ինչպես կարելի է մեղմել այս իրավիճակը: Խնդրել են մեզ, աջակցել ենք, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն ցույց են տվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ես պատճառ չեմ տեսնում այս ոչ առօրեական, սակայն հանգիստ կարգավորվող հարցում հույզեր առաջացնելու համար», - ասել է Լավրովը Սիեռա-Լեոնեի ԱԳ նախարար Դեյվիդ Ջոն Ֆրենսիսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում
«Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը դելիմիտացիայի և դեմարկացիայի կենթարկվի: Ոչ ոք երբևէ չի զբաղվել դրանով, և մենք առաջարկել ենք կողմերին, որպեսզի նրանք սկսեն նման աշխատանքներ, մենք պատրաստ ենք նրանց օգնել այս հարցում՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ», - ավելացրել է ՌԴ նախարարը: