17/05/2021 12:30
Սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանին. չորեքշաբթի բանակցությունները շարունակվելու են. Նիկոլ Փաշինյան
Ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը, այս մասին Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը», - ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են:
«Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար:
Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։