17/05/2021 12:22
Հայաստանի Հանրապետությունը երբեք «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկել և չի քննարկելու. Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ:
Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ», - նշել է Փաշինյանը։