18/05/2021 15:34
Կապիտուլյանտ իշխանություններն ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են. «Պատիվ ունեմ»
Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին, այս մասին հայտարարել են «Պատիվ ունեմ» դաշինքից՝ ներկայացնելով, թե որն է իրենց առաքելությունը։
«Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։
Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:
Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը», - հայտնել են դաշինքից։
Նշենք՝ «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնում են «Հայրենիք» կուսակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։