18/05/2021 17:54
«Վերջնագիծ». նոր քրեական դրամայում նկարահանվել է նաև դիզայներ Գեղամ Շերոյանը (Տեսանյութ)
Մայիսի 17-ից հայկական հեռուստաալիքներից մեկով եթեր է հեռարձակվում «Վերջնագիծ» կրիմինալ դրաման, որում նկարահանվել են դերասաններ Գևորգ Գրիգորյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, Արծրուն Հարությունյանը և այլք: Այս անգամ դերասանի կարգավիճակում հեռուստադիտողին է ներկայացել նաև դիզայներ Գեղամ Շերոյանը, ում բնութագրմամբ՝ իր կերպարը սերիալի «հոգին» է:
«Սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ֆիլմի գլխավոր ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանից: Բավական հետաքրքիր սցենար է, որի հեղինակը Տիգրան Ստեփանյանն է: Պրոդյուսերն է Գոռ Վարդանյանը: Ռեժիսորն ու սցենարիստը, կարծես թե գոհ են իմ աշխատանքից, իսկ երբ ֆիլմն էկրան դուրս գա, կհասկանամ՝ կերպարս ընկալվե՞լ, սիրվե՞լ է, թե՞ ոչ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:
Նկատում է՝ աշխատանքային նոր մթնոլորտում ամենամեծ դժվարությունը ժամանակի մեջ տեղավորվելն է: Իսկ հարցին՝ արդյոք չկա մտավախություն, որ որպես դերասան կարող է ձախողվել, պատասխանեց.
«Իհարկե, նման առաջարկները միշտ էլ մտավախության տեղ են թողնում: Բայց քանի որ ավարտել եմ Թատերական ինստիտուտը, մի քանի փոքր կերպարներում եմ նկարահանվել, մտավախությունս մեծ չէր: Առհասարակ, երբեք չեմ անում մի բան, որտեղ գիտեմ՝ կձախողվեմ: Ինչ վերաբերում է դժվարություններին՝ երբեմն մտածում եմ, որ իմ մոտ իմունիտետ է առաջացել դրանք հաղթահարելու համար: Հասկացել եմ, որ այս կյանքում դժվար բան չկա, կարևորը՝ ցանկություն լինի»:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այնքան հրապուրվի դերասանական աշխատանքով, որ դիզայներությունը երկրորդ պլան մղի:
«Չեմ կարծում, որ կարող է գալ մի օր, որ էլ չզբաղվեմ դիզայներական գործով: Հատկապես, որ արդեն մտածում եմ դրսի շուկա ոտք դնելու մասին ու այդ ուղղությամբ լուրջ քայլեր եմ անում: Պարզապես հնարավորության դեպքում կհամատեղեմ», - եզրափակեց Գեղամ Շերոյանը: