19/05/2021 23:28
Միքայել Մինասյանը նոր փաստաթղթից մի հատված է հրապարակել. Փաշինյանը համաձայնել է ստորագրել, ԱԳՆ-ն դեմ է
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։
Մինասյանը նշել է, որ սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին կետերն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են:
«Փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայն է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։ Նա Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար», - գրել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:
«Այս ամենից խուսափելու միակ միջոցը՝ Նիկոլից հնարավորինս շուտ ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս խայտառակությունը շարունակվելու է», - նշել է Մինասյանը։