19/05/2021 18:16
Ադրբեջանը փորձում է վիժեցնել կոմունիկացիաների բացման մասին պայմանավորվածությունը. Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողությունները համարում է ապակառուցողական: Ըստ նրա՝ նրանք տարածաշրջանի լարվածությունն ավելացնելուն միտված քայլեր են ձեռնարկում:
«Մեր գնահատումն այն է, որ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը», - 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ քննարկմանն անդրադառնալով սահմանային իրադրությանն՝ ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց՝ հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերում էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարանցիկ բեռնափոխադրման հարցերի կարգավորմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև դա համարում ենք մեզ համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը:
«Բայց նաև ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային» որևէ տրամաբանություն: Մենք խոսում ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին:
Ընդհանուր առմամբ, մեր տպավորությունն այն էր և շարունակում է այն մնալ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից գլխավորվող եռակողմ հանձնաժողովը բավական արդյունավետ և կառուցողական աշխատանք է տարել, և մնում է այդ աշխատանքների արդյունքներն իմպլեմենտացնելու մասին մտածել: Եվ տարօրինակ է, որ այդ փուլում իրագործվեց այս սադրանքը», - նշեց Փաշինյանը:
Կարևորելով, այսպես ասած, թացը չորից տարբերելը՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, այլև մեզ համար կարևոր առաջնահերթություն է.
«Համաձայն այն պայմանավորվածությունների, որ մենք ունենք, Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Խոսքը բեռնափոխադրումների մասին է, իհարկե: Հետագայում, ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում, կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը»:
Նա նաև շեշտեց, որ հունվարի 11-ի հայտարարությունը Հայաստանը ստորագրել է, քանի որ այն բխում է մեր շահերից: