19/05/2021 17:54
ՀԱՊԿ-ի շրջանակներում, գուցե, գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և շարունակում ենք հետևողական աշխատանքը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը և նշել.
«Իրադրությունը կայուն է, բայց լարված, և, մյուս կողմից, պետք է ընդգծեմ՝ անընդունելի մեզ համար: Որովհետև մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Իհարկե, մեր Զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Սա մեր առաջնային մոտեցումը և նպատակն է», - նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընթացակարգերով որոշակի գործառույթներ իրականացնելու հարցով՝ նշելով, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, և մենք, այդ կանոնակարգին համաձայն, գործողություններ իրականացնելու ենք.
«Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Գուցե, գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և մենք շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ»:
Փաշինյանի խոսքով՝ շարունակվելու են նաև դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Աշխատանքը շարունակվելու են նաև Ռուսաստանի Դաշնության հետ:
«Տեղյակ եք նաև, որ աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը: