19/05/2021 09:42
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն թույլ է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ ՀՀ-ից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ՝ հայտնելով, որ առողջական լուրջ խնդիր ունի և հետագա բուժումը ստանալու համար պետք է գնա Ռուսաստանի Դաշնություն:
ՀՔԾ-ն, ուսումնասիրելով նախկին ոստիկանապետի դիմումը, բավարարել է և թույլ է տվել, որ Ալիկ Սարգսյանի՝ «ստորագրություն՝ չհեռանալու մասին» որոշումը վերադարձվի, և նա մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վերջինս ներկայում ՌԴ-ում է և զբաղված է առողջական խնդիրներով:
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից երեք հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»։