19/05/2021 16:41
ՊՆ-ն մերժել է տեղեկություն տրամադրել, թե գերությունից վերադարձած քանի՞ զինվոր է կրկին մեկնել ծառայության
ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկատվություն տրամադրել Aysor.am-ին՝ արդյոք գերությունից վերադառնալուց հետո զինվորները վերադարձել են ծառայության, և եթե այո, ապա քանի՞ զինծառայողի մասին է խոսքը։
Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել էին, որ հարցման վերաբերյալ տեղեկությունը տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ապա մեկ օր անց ուղարկել պատասխանը։
«ՀՀ պաշտպանության նախարարության ուղղված Ձեր 12.05.2021թ. հարցման առնչությամբ հայտնում եմ, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությոնը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.03.1998թ. N 173 որոշմամբ հաստատված Ցանկի «Ռազմական բնագավառի տեղեկությունները» մասի 3-րդ, 4-րդ, 8-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. N 9-Ն հրամանով հաստատված Ցանկի 23-րդ կետի և 10-րդ մասի համաձայն հանդիսանում են պետական և ծառայողական գաղտնիք, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դրանց տրամադրումը մերժվում է», - նշված է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի՝ Aysor.am-ին ուղարկած պատասխանում։