19/05/2021 14:09
Ընդհանուր ավանդները 2021թ.-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 7 մլրդ դրամով, վարկային ներդրումները՝ 64 մլրդ դրամով. ՀԲՄ
2021թ.-ի առաջին եռամսյակում բանկային համակարգում ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 17 մլրդ դրամով կամ 1.8%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ աճել է շուրջ 51 մլրդ դրամով կամ 5.9%-ով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից և սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ՝ ապահովելով լրացուցիչ բուֆերներ նախորդ տարվա մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու համար», - նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վարկային ներդրումները 2021թ.-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 64 մլրդ դրամով կամ 1.5 %-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել շուրջ 265 մլրդ դրամով կամ 6.9%-ով:
Անդրադառնալով վարկային պորտֆելում չաշխատող վարկերի խնդրին՝ ՀԲՄ գործադիրը տնօրենը նշեց, որ այս ցուցանիշը կառավարելիի սահմաններում է:
«Այս ցուցանիշը տատանվող է և ներկայում գտնվում է 7.1 %-ի շրջանակներում: Պետք է նշել, որ եղել են ժամանակներ, երբ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Եթե այն դիտարկենք այլ երկրների համապատասխան ցուցանիշի հետ համադրության մեջ, ապա կտեսնենք, որ մեզ մոտ չաշխատող վարկերի ծավալը բավականին ցածր է: Այս փաստը պայմանավորված է նաև բանկերի կողմից տրամադրված էական թվով վարկային արձակուրդներով և վերանայումներով», - նշել է Սեյրան Սարգսյանը:
2021թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր պարտավորությունները նվազել են շուրջ 2 մլրդ դրամով կամ 0.02%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել 13.9%-ով:
Ընդհանուր ավանդները 2021թ.-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 7 մլրդ դրամով (0.2%-ով), իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել շուրջ 173 մլրդ դրամով կամ 4.9%-ով: