20/05/2021 19:39
Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ԱԳՆ-ն տեղյակ է ստորագրվելիք փաստաթղթի մասին
Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խոսակցություններին, թե արտաքին գործերի նախարարությունը տեղեկացված չի հնարավոր ստորագրվելիք փաստաթղթից։
«Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով, ես ո՞նց եմ դա ստանում, կարա մեկը բացատրի։ Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեպանատունն ուղարկում է նախարարություն՝ նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը Սյունիքում լրագրողներին ասել է, թե առաջիկայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի։
«Փաստաթղթից ես գաղափար չունեմ, որևէ տեղեկություն չունենք, արտգործնախարարությունը չունի», - նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:
Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ինքը փաստաթուղթը ստորագրելու է: