20/05/2021 11:26
Եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը Հայաստանում ունի շատ սպասելի դաշնակիցներ:
«Չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որն արվում է, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա:
«Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի», - ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաև համացանցում շրջանառվող փաստաթղթղից՝ նշելով, թե այդ թղթի 99 տոկոսը ծածկված է:
«Դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ, պատկերացնո՞ւմ եք. Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ թղթերը որտեղից են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչքան վերլուծում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից: Եվ ես ասում եմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե այդ թուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չի համարում, բանակցություններ են գնում: