20/05/2021 21:05
ԱԺ ամբիոնից Փաշինյանը բարձրացրեց Հայաստանի և Ադրբեջանի անկլավների, Արծվաշենի հարցը
Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ կամ երկու օրվա գործ չի, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Արցախյան պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կիլոմետր Սովետական Հայաստանի տարածքներից այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, և 30 տարի այդ գյուղերը չունեն վարելահող։ Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի Զինված ուժերի մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ հակառակ իրավիճակն էլ ունենք», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է խոսել, հասկանալ՝ ինչ անել։
«Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ՝ եղած իրավիճակն արձանագրում ենք որպես պետական սահման։
Մի անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեց անկլավների հարցը, իսկ ես ասացի՝ հարգելիներս, իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում», - ասաց Փաշինյանը։