20/05/2021 12:28
Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ գնալ և կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը. Վարչապետի պաշտոնակատար (Տեսանյութ)
Ադրբեջանական կողմի նպատակներից մեկը պատերազմի հրահրումն էր, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այդ գործողությունները առնվազն Սյունիքով իրականացվում է ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էր անկառավարելի իրադարձություններ զարգանար, որ հետո կարող էր շատ մեծ պրոբլեմների մեզ հանգեցներ», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը դիվանագիտական խողովակներով հարցի լուծումը համարեց ճիշտ ու արդարացված, բայց նշեց՝ դեռ չենք հասել մեր նպատակից:
«Չի կարելի բացառել, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալը, գուցե նաև ՀՀ-ում գործող այդ պրոպագանդիստական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը: Մենք ընդհանրապես կարծում ենք, որ պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, քանի որ պահը չափազանց պատասխանատու է և մենք արձանագրում ենք, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե շատ է խոսվում դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին և այս հարցով էլ են փորձում ահաբակել հանրությանը:
«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին, քանի որ սահմանների ճշգրտումը անվտանգային կարևոր երաշխիք է», - ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց՝ միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների կոնտեքստում չեն քննարկել, չեն քննարկում և չեն էլ քննարկելու:
«Կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Հիմա կարող ենք արձանագրել, որ միջազգյաին հանրությունը արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և պետք է կարգավորել. ուզում եմ ընդգծել մեր կառավարության կամքը՝ գնալ և կարգավորել, քանի որ դա մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառմամբ և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը հանրությանը կոչ արեց չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին։
«Մենք հետևողական աշխատում ենք և աշխատելու ենք Արցախխի, Հայաստանի շահերը պաշտպանելու համար», - հավելեց նա: