20/05/2021 13:53
ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ի խնդրանով մեկնաբանել է սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթը և դրա ստորագրման գործընթացը։
«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։