20/05/2021 18:17
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց. Մարուքյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:
Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին և իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:
Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսևորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային և պետական շահի ստորադասման, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ և անդառնալի հետևանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու և միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։