20/05/2021 16:30
«Ի՞նչ սահմաններ են գծելու՝ շան գլուխն այդտեղ է թաղված». Թագուհի Թովմասյանը ծանոթացել է աղմկահարույց փաստաթղթի հրապարակված մասին
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ծանոթացել է աղմկահարույց փաստաթղթի հրապարակված մասին: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ նշելով՝ փաստաթղթում մատնանշված է, որ մինչև հունիսի 30-ը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությամբ պետք է ձևավորվեն աշխատանքային խմբեր: Պատգամավորի խոսքով՝ դրանք սահմանազատման աշխատանքներ են իրականացնելու:
«Ովքե՞ր կմասնակցեն սահմանազատման աշխատանքներին՝ հիմա չենք կարող ենթադրել: Եվ թե ի՞նչ սահմաններ են գծելու, ինչպես ասում են՝ շան գլուխն այդտեղ է թաղված: Փաստաթղթի ստորագրման համար ի՞նչ նախապայման կա, մենք ինչ-որ պահանջ դրե՞լ ենք, ո՞ր սահմանին են գծում: Արդյոք ստորագրվելիք փաստաթղթի տակ էլ կան այնպիսի փաստաթղթեր կամ թեկուզ բանավոր պայմանավորվածություններ, որոնք նոր փորձանք են բերելու երկրի գլխին: Ի՞նչ խոստում է տրված և ինչո՞ւ ենք մենք փաստաթղթի ստորագման գնում մի պայմանում, երբ ադրբեջանցին, նույնիսկ երեկ, իրեն շատ վատ է պահել Գեղարքունիքում», - պատգամավորը մի շարք հարցեր բարձրացրեց:
Պատգամավորի խոսքով՝ ադրբջանական ԶՈւ-ն, եթե մնալու է մեր սահմանից ներս ու այդ պայմանում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում, նշանակում է՝ մենք երկու քայլ հետ ենք գնում: