20/05/2021 10:17
Իշխանությունը ստվերային բանակցությունների մեջ է, Փաշինյանին հորդորում եմ վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել. Մարուքյան
«Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք։ Իշխանությունը ժողովրդին հավաստիացնում էր, թե առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում պարզ դարձավ, որ երկրի վարչապետը, քողարկված կերպով, բոլորից և նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ փաստաթուղթ է ստորագրել», - ֆեյսբուքյան էջում ոչ վաղ անցյալին է անդրադարձել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձանագրելով, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում հիմա։
Պատգամավորի խոսքով, պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։
«Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել», - նշել է Մարուքյանը։
Ըստ նրա՝ խնդրի խորությունը կրկնապատկվում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ, հատկապես պետության համար ճակատագրական հարցերում։
Ավելի վաղ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ, խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, նաև նշել, որ նոր փաստաթղթերը պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը:
Մինասյանը նաև նոր փաստաթղթից մի հատված է հրապարակել, նշելով, որ Փաշինյանը համաձայնել է ստորագրել, իսկ ԱԳՆ-ն դեմ է: