20/05/2021 14:35
Հետպատերազմական Հայաստանն ու զբոսաշրջությունը. ի՞նչ իրավիճակ է ոլորտում
Հայաստանում մեկնարկում է զբոսաշրջության սեզոնը՝ ժամանակային առումով: Սակայն, կորոնավիրուսի, հիմա արդեն նաև հետպատերազմական ու սահմանային լարվածության պայմաններում արդյոք արդիակա՞ն է զբոսաշրջության թեման և ոլորտից ակնկալիքներ պե՞տք է ունենալ:
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ այդ ոլորտը միշտ է արդիական:
Aysor.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշենրով, թեև չենք արձանագրի, որ զբոսաշրջությունը վերականագնվել է, բայց, ամեն դեպքում, տվյալները վկայում են Հայաստանում ոլորտի արթնացման մասին:
«Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով, շուրջ 86 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն է եղել: Ցուցանիշը 2020թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելի քան 70 տոկոսով նվազ է, բայց ավելի բարձր է, քան նախորդ տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների տվյալները: Որոշակի աշխուժացում կա: Այդ թվի մեջ հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից այցելություններն են», - նշեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահը:
Իսկ ահա 2019-ի համեմատ՝ 2020 թվականին զբոսաշրջությունը շուրջ 80 տոկոսով նվազել էր: Եթե 2019թ. 1.9 մլն ներգնա զբոսաշրջային այցելություն ունեինք, ապա 2020թ. ցուցանիշն ընդամենը 375 հազար է եղել: Նվազագույն հաշվարկներով՝ շուրջ 1.5 մլրդ դոլարի եկամուտ պակաս ենք ունեցել:
Ապրեսյանն ընդգծեց, որ պատերազմից հետո սակավաթիվ զբոսաշրջիկներ են լինում նաև Արցախում: Նա կարծում է, որ դիվանագիտական բոլոր խողովակներով պետք է աշխարհին ներկայացնել, որ Հայաստանն անվտանգ է, և որ այստեղ արդեն զբոսաշրջիկներ կան: Բայց մյուս կողմից էլ նշում է՝ օրինակ, ԱՄՆ-ի և Լեհաստանի դեսպանությունների՝ իրենց քաղաքացիներին ուղղված հորդորները, ամեն դեպքում, բացասական անդրադարձ կունենան: