21/05/2021 11:06
Խոզնավարը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից. գյուղացիները զենք են պահանջում պաշտպանվելու համար (Տեսանյութ)
«Zangezur TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում։
Պաշտոնապես հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ հակառակորդը, Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը, առաջ է եկել։ Թշնամին այդպիսով իր նշանառության տակ է առել Խոզնավարը, որ ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։
Խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով՝ լուրն իմանալուն պես մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։
Համայնքապետարանից, սակայն, վստահեցնում են՝ Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։
«Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին», - նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։