21/05/2021 20:27
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Արա Այվազյանին. «Կան որոշակի մտահոգություններ»
ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը բարձրացվել է, թե ինչ է կատարվում ՀՀ արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանությունները, ի վերջո, ինչ են պատրաստվում զիջել, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նախարարի պաշտոնակատարի պատասխանները շատ տարաբնույթ էին. հրապարակված փաստաթուղթը, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, դա միակ փաստաթուղթն է, այլ հավելված գոյություն չունի։ ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է։ Կա՞ այլ փաստաթուղթ, թե՞ չկա, օրինակ, կառավարությունում, նրանք տեղյակ չեն», - մանրամասնեց Վանեցյանը։
Հարցին, թե ԱԳՆ-ում ի՞նչ դիրքորոշում ունեն հրապարակված փաստաթղթի վերաբերյալ, Վանեցյանն ասաց.
«Նախարարի պաշտոնակատարի դիրքորոշումը տարաբնույթ է։ Առաջին հայացքից, դելիմիտացիա, դեմարկացիա, պետք է իրականացնել, բայց ինչ հետևանքներ դա կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ»։
Արթուր Վանեցյանը նշեց, որ ավելի ուշ «Պատիվ ունեմ» դաշինքը քիչ հետո հանդես կգա հայտարարությամբ։