22/05/2021 09:30
«Հրապարակ». Սյունիքում վարչապետի կինը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն նրան հրաժարվել են ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, ով պատերազմից հետո մնացել էր Գորիսում և շարունակում էր իր ջոկատի հետ մարզումները, նախընտրական արշավի շրջանակում երեկ Սյունիք է մեկնել։ Նա զբոսնել է համայնքապետարանի մոտակայքում, տեսանկարել այդ պահերը, հավանաբար, որպեսզի հետո քարոզչական հոլովակ դարձնեն, ապա այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց։
Առիթը դպրոցի սպորտդահլիճի բացումն է եղել, որը մեկ անգամ արդեն «բացել» էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ապրիլի 26-ին։ Որոշել են մեկ անգամ ևս բացումն անել՝ արդեն նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Իսկ դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանը իշխանությունների «սրտի թեկնածուն» է՝ ընդգրկված է լինելու «Իմ քայլի» նախընտրական ցուցակում։
Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի կինը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն նրան հրաժարվել են ընդունել։ Ի դեպ, Սյունիքում միակ պաշտոնյաները, որոնք ընդունել են Աննա Հակոբյանին, եղել են մարզպետը, փոխմարզպետն ու իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը»։