24/05/2021 15:06
Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին. Մեղրիի քաղաքապետը կշարունակի մնալ ազատության մեջ
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, հաղորդում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չէին տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա էր իրականացվել, հնչել էին հայհոյանքներ, վիրավորանքներ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: