25/05/2021 12:12
Որևէ մեկ քայլ, որը կբխեր ՀՀ շահերից, չի արվել այս երեք տարվա ընթացքում. Ռոբերտ Քոչարյան
Վերջին երեք տարում քանի անգամ եք լսել այդպիսի հարյուր տոկոսանոց հավաստիացումներ ՀՀ շահերի վերաբերյալ, լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր գործողությունները բխում են ՀՀ շահերից։
«Այդ դեպքում ինչու ենք մենք հայտնվել այսօրվա վիճակում։ Շատ պարզ հարց է, և ՀՀ ամեն մի քաղաքացի պետք է այդ հարցն ինքն իրեն տա։ Եթե ամեն անգամ դու քայլեր ես արել 100 տոկոսանոց Հայաստանի շահերից բխող, ապա ինչու ենք մենք հայտնվել այս տխուր իրավիճակում։ Կարող եմ միանշանակ ասել, որ որևէ մեկ քայլ, որը կբխեր ՀՀ շահերից, չի արվել այս երեք տարվա ընթացքում, ընդհանրապես», - ասաց Ռոբերտ Քոչարյանը, ապա թվարկեց դրանք՝ անվտանգության ոլորտ, ղարաբաղյան հարցի կարգավորման ոլորտ, տնտեսական ոլորտ։