25/05/2021 11:51
ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների չի ենթարկվելու, ինչն այսօր ընդհանրապես չի արվում. Քոչարյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Չպետք է տպավորություն թողնես, որ քեզ հետ կարող են նմանատիպ կերպով վարվել. եթե քո քայլերով, քաղաքականությամբ, հայտարարություններով այդպիսի տպավորություն ես թողնում, ստեղծված իրավիճակում դու անընդհատ ունենալու ես խնդիրներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին և բանակցությունների արդյունավետությանը։
«Քանի դեռ իրենք ՀՀ-ից լրացուցիչ զիջումների սպասելիքներ ունեն, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, լրացուցիչ ճնշում գործադրելու են իրենց նպատակին հասնելու համար։ ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր ընդհանրապես չի արվում», - ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե առաջին հերթին պետք է բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, բայց Ռուսաստանի միջնորդությամբ։
«Եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը, մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նպանատիպ պրոբլեմ են ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում», - ասաց նա։