25/05/2021 09:39
«Ժողովուրդ». Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող. Եվսեև
ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի և ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չի կարող դեմարկացիա կամ դելիմիտացիա իրականացվել:
«Դա խաղաղ գործընթաց է իրենից ենթադրում միայն այն դեպքում, երբ երկրների միջև գոնե գործընկերային հարաբերություններ են: Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու:
Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ փորձագետը զարմացած է, որ մինչև այժմ սահմանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին նման դեպքեր լինել, և պետք էր կահավորում իրականացնել, այլ ոչ թե նստել և սպասել», - ասել է նա: