25/05/2021 12:06
Ֆինլանդիայի վարչապետն առաջարկել է փակել Բելառուսի երկինքը
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին առաջարկել է արգելել թռիչքները Բելառուսի վրայով Ryanair մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննության ընթացքում և քննարկել, թե ինչ այլ լրացուցիչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Բելառուսի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:
«Այս գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն և ուսումնասիրվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) շրջանակներում, և հետաքննությունը շարունակվի այն ժամանակ, երբ երկրի վրայով թռիչքներն արգելվեն», - ասել է Մարին Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել դրա տարածքով: Ընդգծվում է, որ որոշումն ուժի մեջ չի մտնում, քանի որ այն պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդում նախարարների մակարդակով:
Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին՝ Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո: Հաղորդվել է նաև նրա ռուս ընկերուհու՝ Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:
Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Բելառուսի իշխանությունները NEXTA Telegram ալիքը համարում են ծայրահեղական: