25/05/2021 17:09
Փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա. ՀՖՖ պաշտոնական հայտարարությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:
«Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից:
Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»,-ասված է ՀՖՖ հաղորդագրությունում։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին: Հենրիխ Մխիթարյանը հավաքական չի հրավիրվել։
«Ի զարմանս ինձ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, ինչ-ինչ պատճառներով, ես չեմ հրավիրել առաջիկա ընկերական խաղերին: Ներկայացված պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես մեր տղաների կողքին եմ և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում», - ֆեյսբուքյան էջում գրել էր Մխիթարյանը։