26/05/2021 11:49
Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանն՝ իրանցի գործընկերոջը
Հայաստանում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. վերջինիս ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, հայտնում են ԱԳՆ-ից:
«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի», - հանդիպմանն ասել է Արա Այվազյանը։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է՝ գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։
«Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է», - նշել է Այվազյանը։