26/05/2021 17:32
Գերիների վերադարձ և կոորդինատներ, որոնցից անդին պետք է լինեն Ադրբեջանի զորքերը. աղմկահարույց փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմը երկու առաջարկ է ներկայացրել
Չկա տարբերակ, որ որևէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջարկել ենք երկու տարբերակ: Դեռ էն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը չէր արտահոսել, բովանդակության վերաբերյալ մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և նշել ենք, թե Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Մեր առաջարկին ոչ մի արձագանք չենք ստացել: Որևէ նոր բան տեղի չի ունեցել», - նշեց Փաշինյանը:
Նա մեկ անգամ ևս հայտարարեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է դուրս գան մեր սահմանից.
«Այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև նկատեց, որ Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամենուր տարածվի՝ միջազգային բոլոր կապերով:
«Չգիտեմ՝ ում հետ է համաձայնեցված այս ծագիրը, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացել: Կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է ծրագիրը», - ասաց Նիկոլ Փաշինյանը: