26/05/2021 14:58
Իրադրությունը բավականին լարված է. Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հայտնում են կառավարությունից:
Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանում նույնպես այդպիսի ընկալում կա մեր հարևանության և հարաբերությունների վերաբերյալ:
Իհարկե, երկար տարիներ մեր տնտեսական կապերը զարգացել են, հատկապես Սյունիքի մարզում միշտ առկա է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրություն: Մենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար: Մի շարք հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գոտին դեռ բավարար թափ չի ստացել, բայց համոզված ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարևոր հենման կետ՝ մեր հարաբերությունների տնտեսական հատվածի հետագա զարգացման համար:
Մենք իհարկե հետաքրքրված ենք նաև, նախկինում էլ քննարկել ենք մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցը: Անվտանգային ոլորտում նույնպես քննարկումներ ունենք, օրակարգում առկա են որոշակի հարցեր, և մեր խոսակցությունների ու քննարկումների բնույթը ռազմավարական է: Մենք պետք է ջանքեր գործադրենք հաջողության հասնելու համար:
Դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է հեռանան մեր տարածքից: Եվ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։ Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները։ Իհարկե մեր ցանկությունն է նաև, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով։ Ցավոք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երեկ արդեն մենք ունեցանք զոհ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։ Այնպես որ, իրադրությունը բավականին լարված է և այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք նաև իրավիճակի հաղթահարման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներին»։