26/05/2021 15:06
Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար. լավ համաձայնություն է ձեռք բերվել. Զարիֆ
Հայաստանը միշտ մեր լավ բարեկամն է եղել և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում են կառավարությունից:
Նա նշել է, թե Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտները բազմաթիվ են և այս վերջին երկու օրվա ընթացքում Իրանի քաղաքաշինության ու ճանապարհների նախարարի այցը դրա վառ վկայությունն է, որը շատ հաջողված այց էր։
«Եվ հուսով եմ՝ այս պանդեմիայի ավարտից հետո մենք կկարողանանք տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին», - ասել է իրանցի պաշտոնյան։
Զարիֆը նշել է, որ շատ կարևոր հարցեր կան և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային շրջանակում, որին պետք է հետամուտ լինել: