26/05/2021 11:05
«Թուրքերի աչքի առաջ վար ու ցանք ենք անում». Վերին Շորժայի գյուղապետը պնդում է՝ երեկվա կրակոցները եղել են այլ համայնքի սարատեղիում
Հակառակորդը երեկ կրակոցներ չի արձակել Վերին Շորժայում, Aysor.am-ի հետ զրույցում վստահեցրեց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։
«Կրակոցները, որ եղել են, մեր տարածքը չէ, Վերին Շորժայի կողքի համայնքում է։ Մեր տարածքում ոչ մի բան չկա, ուղղակի դեպքը, որ եղել է, սարատեղ է, ուրիշ համայնքի սարատեղ է, գյուղ չէ», - ասաց նա։
Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ կրակոցից տեղյակ էլ չեն եղել, որևէ ձայն չի լսվել։
«Հետաքրքրվեցի, ասացին՝ մի կրակոց է եղել, մեզանից հեռու է գտնվում, ոչ էլ ձայնը լսել ենք, մենք դաշտում ցանք ենք արել», - ասաց գյուղապետը։
Նրա խոսքով՝ գյուղում խուճապ չկա։
«Խուճապը ո՞րն է, գիտակից մարդը միշտ զգույշ է լինում, մենք մեր գործն ենք անում, խուճապ չկա, թուրքերի աչքի առաջ վար ու ցանք ենք անում այս պահին՝ ցույց տալու, որ մենք իրենցից ոչ մի վախ չունենք», - ասաց Վերին Շորժայի գյուղապետը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում: Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1989 թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը։