26/05/2021 17:09
ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել՝ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի. ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում. Փաշինյան (Տեսանյութ)
Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկի տարածք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ իրավիճակի ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ երկրներին ինքնաբերաբար չներքաշել ռազմական լուծման մեջ:
«Սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք էս հարցը, որովհետև դա հնարավոր է լուծել: Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ նախնական մտահղացումը, որը, իմ կարծիքով, Ադրբեջանն ունի, այս պահի դրությամբ, չեզոքացված չեմ համարում: Այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև բարձրաձայնեց՝ ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի:
«Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Այս հարցերում պետք է հստակություն մտցվի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: