26/05/2021 16:28
Մարզահամերգային համալիրում կանցկացվի «BiGiDream» մանկական փառատոնը, որի ընթացքում կցուցադրվի առաջին հայկական մանկական երաժշտական մյուզիքլը
Հունիսի 5-6-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը: Այն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը:
Փառատոնը հնարավորություն կստեղծի մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ և ստեղծագործություններ։
Համալիրում այդ օրերին կստեղծվի մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ կարող են իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։
Բացի այդ, երեխաները հնարավորություն կստանան դիտել առաջին հայկական մանկական երաժշտական մյուզիքլը, որի հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն են: Մյուզիքլը կրում է «Հայը կա. դեպի մեծ երազանքներ» խորագիրը: Այն հնարավոր կլինի դիտել հունիսի 5-ին և 6-ին, ժամը 19:30-ին:
Նշենք, որ մինչ փառատոնի մեկնարկն, անցկացվել են հատուկ դասընթացներ՝ ուղղված երեխաների կարողությունների զարգացմանն ու տաղանդների բացահայտմանը:
Դասընթացների արդյունքներով բացահայտվել են խելացի, արվեստասեր, շնորհալի, ստեղծարար, ուժեղ հայ փոքրիկները, ովքեր մասնակից են դարձել փառատոնի կազմակերպչական և ստեղծարար աշխատանքներին:
«Դեպի մեծ երազանքներ» համապետական մրցույթ-փառատոնի շրջանակում էլ բացահայտված երեխաները ևս կմիանան փառատոնային աշխատանքներին:
Այդ նպատակով մայիսի 17-ից ամբողջ Հայաստանում արդեն մեկնարկել է ներհամայնքային փուլը (մայիսի 18-26-ը), որից հետո կմեկնարկի մարզային փուլը (մայիսի 26-30-ը) և վերջում համապետական փուլը (հունիսի 4-6-ը)։
Հավելենք, որ «Հայը կա» ապաքաղաքական նախաձեռնությունը ձևավորվել է պատմական այս ծանր ժամանակաշրջանում համախմբելու, սթափեցնելու և ոգեշնչելու հայ ժողովրդին` հաղթահարելու երկրի առջև ծառացած հիմնական դժվարությունները և նպաստելու երկրի արագ զարգացմանն ու հզորացմանը։
Նախաձեռնության գաղափարն է համախմբել բոլոր նրանց, ովքեր իրենց ապրելակերպով և գործունեությամբ ապացուցել և ապացուցում են, որը հայը կա, հայը ապրում է և հզորանում։