27/05/2021 16:44
Եթե զգանք, որ հակառակորդը ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրել, ռազմական ուժ կկիրառենք, կոչնչացնենք. բոլորը նշանառման տակ են. Ասրյան
Քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման չի տալիս, ռազմական ղեկավարությունն է տալիս այդպիսի հրաման, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե քաղաքական ղեկավարությունը ԶՈւ-ին չկրակելու հրաման է տվել:
Նա բարձրաձայնեց, որ ԶՈւ-ին ոչ ոք չի արգելում պարտականությունները կատարել:
Ասրյանի խոսքով՝ եթե հայկական կողմը զգա, որ հակառակորդի հետ արդեն չի կարող ձեռնամարտի բռնվել, և համապատասխան նախանշաններ լինեն, որ հակառակորդն արդեն ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրել, ռազմական ուժ կկիրառի:
«Կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը նշանառման տակ են, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, միջոցները տեսանելի են: Թաքնված ուժեր չկան», - ասաց նա:
ԳՇ պաշտոնյայի գնահատմամբ, ներկայում համապատասխան նախանշաներ դեռևս չկան: Նա մեկ օրինակ բերեց՝ եթե Ադրբեջանը փորձի իր ուժերը հայկական կողմից ինչ-որ չափով հեռացնել, առաջին նախանշանն է, որ պատրաստվում է ուժ կիրառել: