27/05/2021 11:53
Կոտայքի մարզպետն աշխատանքից ազատվել է Սուրեն Պապիկյանի հետ տարաձայնության պատճառով (Տեսանյութ)
Կոտայքի մարզի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքից ազատվել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով։
«Պետական պաշտոնն այդպիսի բնավորություն ունի, մի օր նշանակում են, մի օր էլ կարող են ազատել։ Ես եմ աշխատանքից ազատման դիմում ներկայացրել՝ դեռևս մայիսի 10-ին։ Եղել է աշխատանքային անհամաձայնություն՝ կադրային քաղաքականության հետ կապված։ Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է տվյալ նշանակման հետ մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, և ես ընդամենը պահել եմ իմ սկզբունքայնությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։
Նախընտրական շրջանով պայմանավորված՝ Մեսրոպ Մեսրոպյանն այլ մանրամասներ չասաց՝ նշելով, թե ավելորդ շահարկումներ չի ուզում թույլ տալ։
Նշենք, որ կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց աշխատանքից ազատել Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։
Նոր մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը, ով մինչ այս Գառնիի համայնքապետն էր։